Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը


Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը

  • 13-09-2022 12:14:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
 
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
 
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
 
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն