Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին


Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին

  • 15-09-2022 13:09:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի:
 
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին եւ անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:
 
Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին եւ դաշնակիցներին առավելագույնս հստակ եւ հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:
 
Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երեւանի ավագանու եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջեւ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play