Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող. ՀՀ ԱԽ


Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կա 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող. ՀՀ ԱԽ

  • 19-09-2022 19:03:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, ասված է Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ընդունված հայտարարությունում։
 
Ըստ հայտարարության՝ զոհվածների թվում կա քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։
 
«Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն։
 
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել էր իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
 
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն