ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ. ՀՀ ԱԳՆ

  • 22-09-2022 10:24:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
 
Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է հատուկ խորհրդականի մանդատի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել դրա ներքո շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ:
 
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն