Ռուսական ագենտուրան Հայաստանում լրիվ մանրացել է


Ռուսական ագենտուրան Հայաստանում լրիվ մանրացել է

  • 22-09-2022 12:32:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Lragir.am. Ռուսական լրատվամիջոցները և Հայաստանում ռուսական ագենտուրան փորձում են պտտել այն թեզը, թե իբր ԱՄՆ-ն Փաշինյանին համոզում է բացել «Զանգեզուրի միջանցքը» և ստորագրել «խաղաղության պայմանագիր», իսկ Ռուսաստանը դեմ է միջանցքին։ Ռուսական քարոզչությունն արդեն լրիվ մանրացել է, բայց իրավիճակն այնքան լուրջ է, որ արդեն օգտագործվում են բադիկներ և այլ պարագաներ։
 
Իրանցի վերլուծաբանները պնդում են, որ հայ-իրանական սահմանի փակումը և «թուրքական միջանցքի» բացումը կանխելու հարցում ԱՄՆ-ի և Իրանի շահերը համընկնում են։ Սա այն սակավաթիվ հարցերից է, որտեղ միջուկային գործարքի վերականգնմանը ձգտող ԱՄՆ-ի ու Իրանի դիրքորոշումները լիակատար համընկնում են։
 
Իրանին ու ԱՄՆ-ին ձեռնտու չէ տարածաշրջանում ռուս-թուրքական տանդեմի գերակայությունը, և այժմ նրանք յուրաքանչյուրն իրենց դերում փորձում են կանխել ռուսների և թուրքերի վերջնական հաստատումը տարածաշրջանում Հայաստանի հաշվին։
 
Միացյալ Նահանգները վերջին օրերին մի շարք կարևոր գործողություններ և հայտարարություններ է արել։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Հայաստանը հավասարեցրեց Թայվանին և Ուկրաինային, որոնք պայքարում են նեոիմպերիալիզմի դեմ։ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
 
Էրդողանը Նյու Յորքում չի կարողանում Բայդենի հետ հանդիպում կորզել, մինչդեռ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւ։ ԱՄՆ հայտարարություններից ոչ մեկում «միջանցքի» բացման ակնարկ անգամ չկա։
 
Մինչդեռ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, Էրդողանը անդրադարձավ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, պնդելով, որ դրանց բացումը կնպաստի բոլոր կողմերի բարեկեցությանը։ Նա չհիշատակեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», համարելով, որ դա անտեղի կլինի։
 
Իրանն ու Ադրբեջանը երեկ մեկնարկել են կամրջի շինարարությունը, որը պետք է Իրանի տարածքով միացնի օկուպացված արցախյան Կովսականը Նախիջևանի հետ։ Ալիեւն իր հերթին ասել է, որ Հայաստանը համաձայն չէ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։
 
Որոշ հայ փորձագետներ պնդում են, որ այս միջանցքն առաջին հերթին անհրաժեշտ է Ռուսաստանին՝ տարածաշրջանում իր գերիշխող դիրքը պահպանելու համար։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախ սպառնաց, որ «սեպտեմբերի 13-14-ի նման «ողբերգական իրադարձությունները» կանխելու համար անհրաժեշտ է «ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը և կնքել  խաղաղության պայմանագիր երկու երկրների միջև»։
 
Սա նշանակում է ավանդական ռուսական՝ «կարող ենք կրկնել» սպառնալիքը: Միևնույն ժամանակ, Օվերչուկը բլիթ էլ առաջարկեց՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղիների և ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստանում մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն