Ֆրանսիան կշարունակի սատարել Ուկրաինային և կպահպանի շփումները Ռուսաստանի հետ


Ֆրանսիան կշարունակի սատարել Ուկրաինային և կպահպանի շփումները Ռուսաստանի հետ

  • 22-09-2022 15:54:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիան սատարում է Ուկրաինային, բայց Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ և կշարունակի Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր լրագրողներին ասել է նախագահական օդանավում, որով Նյու Յորքից վերադարձել է Փարիզ:
 
Նյու Յորքում Մակրոնը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:
 
«Այո, հայտարարելով մասնակի զորահավաքի մասին և հիշեցնելով, թե ունի համապատասխան սպառազեն՝ Ռուսաստանն անցավ սրացման նոր փուլին: Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել, բայց մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք: Ուկրաինային օգնելու հետ մեկտեղ մենք նաև պահպանում ենք շփումները Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:
 
Նրա խոսքով, հարկ է ամեն բան անել, որ կողմերը վերստին նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
 
«Մենք պետք է հավաքական ջանքերով վերականգնենք խաղաղության համար այդքան կարևոր երկխոսությունը: Մենք փակուղում չենք, մենք ռազմական փուլում ենք»,- ասել է Մակրոնը:
 
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում խոսել է հարկ եղած դեպքում հզոր զինատեսակներ կիրառելու մասին: Ակնարկը միանշանակ միջուկային զենքի մասին էր: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից դադապարտել է Պուտինին այդօրինակ ագրեսիվ հռետորաբանության համար:
 
Անդրադառնալով այդ թեմային, Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան խոհեմ միջուկային գերտերություն է, որն ունի իր սեփական հայեցակարգը:
 
«Դրա մասին ես կարող եմ խոսել պատշաճ ժամանակ և հանգիստ կացության մեջ, մենք հիմա ներքաշվում ենք սրացման փուլ, երբ կողմերը թվարկում են, թե ինչ կարող են անել այս կլամ այն իրավիճակում, բայց Ֆրանսիան մեծ ռազմական և դիվանագիտական տերություն է, որը ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցություններով հասնեն խաղաղության»,- ասել է Էմանյուել Մակրոնը:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play