Ռուսաստանի հայերը մեծ վտանգի առաջ


Ռուսաստանի հայերը մեծ վտանգի առաջ

  • 23-09-2022 12:42:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Պուտինի հայտարարած մոբիլիզացիայի ֆոնին լայնորեն քննարկվում է Կրեմլի էթնիկ քաղաքականության խնդիրը։ Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը Կրեմլն օգտագործում է էթնիկ սուիցիդի եւ հատկապես հավանական սեպարատիստական նկրտումներ ունեցող տարածաշրջաններին ճնշելու համար։ Այս քաղաքականությունն իրագործվում է պատերազմի մեկնարկից։ Փորձագետներն ու զլմ-ները, որոնք ուսումնասիրում են ռուսական մարտական կորուստները, նկատել են, որ հատկապես մեծ են կորուստները էթնիկ շրջաններից զորակոչվածների շրջանում։
 
Առանձնացվում են Բուրյաթիան, Կալմիկիան, Դաղստանը։ Այստեղ մոբիլիզացիան ընթանում է պատերազմի առաջին օրերից, հատկապես Բուրյաթիայում, (տես այստեղ), զորակոչվածներն ուղարկվում են մարտական գործողությունների ամենաթեժ հատվածները։ Ավելին, արեւմտյան եւ ուկրաինական հետախուզությունները հայտնում են ճակատում նաեւ միջէթնիկ բախումների մասին, որոնք անկասկած հրահրվում են ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Իր հերթին, չեչենական կազմավորումները, ըստ հետախուզությունների տվյալների, պատժիչ գործողություններ են կիրառում առաջնագծում հատկապես էթնիկ կազմավորումների դեմ, իսկ Չեչնիայի ղեկավար Կադիրովի կոչը՝ մեծացնել մոբիլիզացիան ՌԴ էթնիկ շրջաններում, անկասկած ուղղորդված է Կրեմլից։
 
Պատերազմն Ուկրաինայում եւ ուրվագծվող պարտությունը ՌԴ կազմալուծման պատճառ կարող են դառնալ, եւ դրանով է պայմանավորված Կրեմլի՝ ներքին խնդիրներն այս եղանակով լուծելու քաղաքականությունը։
 
ՌԴ-ում պարտադիր զորակոչի կապակցությամբ հիմնավոր մտահոգություններ կան ՌԴ քաղաքացի հայերի հարցում, որոնք կարող են դառնալ Կրեմլի «ազգային քաղաքականության» հերթական թիրախը։ Դրա նախադեպը կա՝ «Հայրենական պատերազմում» 1942-1943 թթ․ հայ տղամարդկանց զանգվածային զորակոչը, որոնց մարտի նետեցին այն ուղղություններում, որտեղ ներկայում նույնպես թեժ մարտեր են ծավալվում Ուկրաինայում։ Դա հայերի՝ Ռուսաստանի կողմից 100-ամյա ծրագրված եւ շարունակվող ցեղասպանություն էր։ Վտանգն առարկայական է հատկապես ՌԴ հարավային շրջանների հոծ հայ բնակչության պարագային, որտեղից արդեն հայ երիտասարդներին զորակոչելու տեղեկություններ են ստացվում։
 
Իր հերթին, ներքին խնդիրները լուծելու Կրեմլի ներկայիս մեթոդները հայերի պարագային կարող են ծավալվել նաեւ այլ ուղղությամբ, նկատի առնելով, որ պատերազմի ՌԴ պետական քարոզչությունն իրականացվում է նաեւ հայկական ազգանուններով պրոպագանդոնների միջոցով։
 
ՌԴ հեշտացված կարգով անձնագիրը միայն «մկան թակարդում» է լինում։ Ողբերգությունը կանխելու համար նախեւառաջ պետք է մամուլով, պետական օղակներով բարձրացնել այս խնդիրն ամենատարբեր հարթակներում։ Ռուսաստանի 4 միլիոն հայությունը, որը հիմնականում գաղթական է դարձել Հայաստանի դեմ երեք տասնամյակների ընթացքում ՌԴ վարած մեկուսացման ու տնտեսական, ռազմական կարողությունները սահմանափակելու, արտագաղթը խթանելու եւ աշխատունակ բնակչությունը Հայաստանից դուրս բերելու քաղաքականության արդյունքում, չպետք է դառնա Կրեմլի էթնիկ սուիցիդի հերթական զոհը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը