ԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է սարսափելի հետեւանքների մասին


ԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է սարսափելի հետեւանքների մասին

  • 23-09-2022 13:56:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի ամիս նախազգուշացումներ է ուղարկում Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ պատերազմում միջուկային զենքի կիրառման սարսափելի հետեւանքների մասին։
 
Թերթը հիշեցնում է ռուս առաջնորդների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի միանշանակ միջուկային սպառնալիքները։ Պարբերականը մեջբերում է նաև Բայդենի հետ վերջերս տված հարցազրույցից, որտեղ նա ասել է, որ միջուկային զենքի կիրառման դեպքում Ռուսաստանը «կփոխի պատերազմի դեմքը, և դա ոչ մի բանի հետ չի համեմատվի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։
 
Ըստ Washington Post-ի՝ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային կապեր է պահպանում Մոսկվայի հետ այս հարցով։ Թերթի աղբյուրները, սակայն, տեղեկություն չեն տվել, թե կոնկրետ ով է փոխանցել հաղորդագրությունները Վաշինգտոնից և կոնկրետ ինչ են ասել։ Անհասկանալի է նաև, թե արդյոք ԱՄՆ-ը նոր հաղորդագրություններ է ուղարկել Պուտինի վերջին ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց մոբիլիզացիայի եւ Ուկրաինայի օկուպացված հատվածներում «հանրաքվեների» աջակցության մասին:
 
The Washington Post-ը Վաշինգտոնի այս քաղաքականությունն անվանում է «ռազմավարական անորոշություն» պահպանելու փորձ՝ հակառակորդը երբեք չպետք է լիովին վստահ լինի, թե մյուս կողմը ինչպես կարձագանքի հնարավոր միջուկային էսկալացիային:
 
Սակայն փորձագետները, որոնց հետ զրուցել են հրապարակման հեղինակները, պատրաստ են քննարկել այս թեման։
 
Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Քրոնինգը կարծում է, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառմանը ԱՄՆ լավագույն պատասխանը կլինի կտրուկ մեծացնել աջակցությունն Ուկրաինային և սովորական սպառազինությամբ հարվածներ հասցնել հրթիռները արձակած ռուսական զորքերին կամ բազաներին:
 
Ըստ Carnegie Endowment ծրագրի ղեկավար Ջեյմս Էքթոնի, այժմ անիմաստ է խոսել ռուսական միջուկային հարվածին ամերիկյան պատասխանի մասին, քանի որ ռուսական գործողությունների հնարավոր տարբերակների շրջանակը չափազանց լայն է: Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է սահմանափակվել միայն ցուցադրական քայլով, որից ոչ ոք չի տուժի (օրինակ՝ միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումը), կամ ամբողջական հարված հասցնել, որից տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ կզոհվեն։
 
Սակայն Էքթոնը համոզված է, որ դեռևս նշաններ չկան, որ Պուտինը հակված է նման սցենարի։ «Եթե նա իսկապես լրջորեն մտածեր միջուկային զենքի կիրառման մասին մոտ ժամանակներս, նա գրեթե անկասկած կցանկանար, որ մենք իմանանք այդ մասին», Washington Post-ին ասել է փորձագետը, հավելելով, որ Պուտինը կգերադասեր սպառնալ եւ այդպիսով զիջումներ կորզել ԱՄՆ-ից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը