Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից

  • 23-09-2022 14:23:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 23-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
 
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս․թ․ սեպտեմբերի 26-ից»։
 
Հիշեցնենք, որ այս պաշտոնին Աֆանդյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 13-ին։
 
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
 
Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում:
 
1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը:
 
1997 – 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
 
2000-2007թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, սկզբում` Էրեբունու քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետև Կենտրոնի քննչական բաժնում որպես ավագ քննիչ:
 
2007թ.-ից ՀՀ դատախազության համակարգում է՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա  նույն դատախազության դատախազ, այնուհետև դատախազության ավագ դատախազ:
 
2008-2012թ. զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:
 
2012թ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել է նախ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, ապա՝ Սյունիքի մարզի դատախազ:
 
2016-2019թթ եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը:
 
2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի  պաշտոնում:
 
1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում:
 
Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի և Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
 
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը