Հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտությո՞ւն է. քարոզչության գեբելսյան մեթոդը Բաքվի զինանոցի թիվ մեկ զենքն է

Հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտությո՞ւն է. քարոզչության գեբելսյան մեթոդը Բաքվի զինանոցի թիվ մեկ զենքն է

  • 23-09-2022 15:30:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Յոզեֆ Գեբելսի հայտնի կարգախոսը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական գործիքը: Մինչեւ սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանը մեկ ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկատվություն էր տարածում, թե ՀՀ զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խախտում են հրադադարը:
 
Աչքի առաջ ունենալով 2020 թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանն իր նախահարձակ ռազմական գործողությունները հիմնավորեց սուտ տեղեկատվությամբ, թե իբր հակահարված է իրականացնում, կանխատեսելի էր, որ երկու տարի անց նույն ամսում հերթական սադրանքն է նախապատրաստում: Հաստատված վերջին հրադադարից հետո էլ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է միջազգային հանրությանը եւ կառույցներին իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելու գործին, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ Բաքվի առաջնորդը եւ արտաքին գործերի նախարարը հայտարարում են, թե Հայաստանն է լայնամասշտաբ սադրանքներ կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հերթական կեղծ թեզն է մատուցում, թե իբր Հայաստանն է մեծ ծավալի սադրանքների գնացել, իսկ Ադրբեջանը խաղաղաշինության նախաձեռնություններով է հանդես գալիս:
 
Նույն կեղծիքը հնչեցրեց օրերս նաեւ Ալիեւը՝ Քարվաճառից արած հայտարարությունում։ Թերեւս, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն հաստատակամորեն համոզված է գեբելսյան այն թեզի կենսունակության մեջ, ըստ որի՝ հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտություն է: Սակայն ադրբեջանական կեղծիքը լսած միջազգային այդ կառույցների նույն ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք քաղաքավարի պատասխանում են Ադրբեջանին, որ իրենք այդ աստիճանի միամիտներ չեն, որպեսզի ադրբեջանական սուտը ճշմարտության փոխարեն ընդունեն, թեկուզ այն կրկնվում է հարյուր անգամ: «Տետ-ա-տետ» հանդիպումներում Բաքվի քարոզչամեքենայի՝ նման ակնհայտ կեղծիքի մատուցումն արդեն վիրավորական է դառնում միջազգային բարձրաստիճան ներկայացուցիչների համար: Պաշտոնական Բաքուն ապատեղեկատվությունը տարածելու համար հսկայական ռեսուրսներ է ներդրել եւ մեծ ծավալի լոբբիստական աշխատանք է տանում:
 
Այն հատկապես ակնառու է ՌԴ-ում, որտեղ Բաքվին հաջողվում է պետական հեռուստաալիքներում ռուս «փորձագետների» բերանով իրեն ձեռնտու ստեր հնչեցնել: Մասնավորապես, սեպտեմբերի 14-ից հետո ՌԴ առաջատար պետական երկու հեռուստաալիքով տարբեր «փորձագետներ» բանավեճերի ժամանակ հնչեցնում են նույն թեզը, ապատեղեկատվությունը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ԼՂՀ-ի վիճարկելի տարածքներում են, ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում՝ չպատկերացնելով, որ նման կեղծիքով ջուր են լցնում ադրբեջանական ստի ջրաղացին եւ լրջագույն հարված հասցնում Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանը: Նման փորձագետների խոսքերից հետեւում է, որ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ է հրահրել ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, եւ վերջինս իր առաքելությունը չի իրականացրել: Սա, բնականաբար, իրականության լիակատար խեղաթյուրում է: Թերեւս, ռուս փորձագետներից ավելի անկեղծ գտնվեց Թուրքիայի նախագահը, ով ՄԱԿ-ի 77-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է ազատի օկուպացված տարածքները: Թողնենք մի կողմ փաստը, որ Էրդողանի այդ հայտարարությունը թյուրքական ուժեղ դիվանագիտության կեղծիքների գործիքի հերթական դրսեւորումն էր, քանի որ հայտնի փաստ է՝ Ադրբեջանը 2020-ից հետո կա՛մ իր գործողությունների հրահանգը ստանում է Անկարայից, կա՛մ առանց նրա իմացության եւ թույլտվության նման մասշտաբի ռազմական ագրեսիայի չի դիմում: Այստեղ արձանագրենք՝ Էրդողանը փաստեց, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, եւ ադրբեջանական զինուժը ներկայում ՀՀ տարածքում է:
 
Հայ ժողովրդին եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին քաջածանոթ անհատների համար ադրբեջանական կեղծիքը կարող է միայն հեգնական ժպիտ առաջացնել, սակայն նման հայտարարությունները լրիվ այլ կերպ են ընկալվում խնդրին ոչ տեղյակ համաշխարհային հանրության ճնշող մեծամասնության կողմից, ինչը որոշակի բարենպաստ պայմաններ է ապահովում Ադրբեջանի համար: Միջազգային հարթակներում կեղծիքի իրացման հարցում հաջողությունները կամ որոշ դեպքերում տարբեր դրդապատճառներով այդ ստի առաջ որոշ միջազգային կառույցների ու գործիչների աչք փակելը Ադրբեջանի ձեռքերն ազատում են հետագա ռազմական գործողությունների համար: Հետեւաբար՝ շատ կարեւոր է աշխարհին ճշմարտությունը հասցնելը: Այն լիովին տեղավորվում է տեղեկատվական պատերազմի շրջանակներում, որը մեր օրերում ռազմական գործողություններից ոչ պակաս կարեւոր է: Տեղեկատվական պատերազմում հաջողությունն այս դեպքում կարող է կանխել հետագա ռազմական բախումները եւ ուժի կիրառման փորձերը: Ուրեմն՝ հայկական կողմի օրվա առաջնային խնդիրն է ռեսուրսների կենտրոնացումը տեղեկատվական պատերազմում: Տարածաշրջանային զարգացումների այս փուլում այն այլեւս առաջնային է, որոշիչ եւ այլընտրանք չունեցող: 
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը