Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը


Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը

  • 26-09-2022 14:46:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։
 
Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։ Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սկսեցին ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Ճամբարակ ժամանեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք։
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։ Նշված վայրում ևս հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձան ներկաների, նաև կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։ Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով։
 
Տեղեկություն տրամարդող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
 
Դեպքի բոլոր հանգամանքները, նաև շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն