Վատ և անտեղի. Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարի՝ Փելոսիի այցի քննադատությանը
26-09-2022 15:45:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան էջում անդրադարձել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի կողմից Նենսի Փելոսիի այցի մեկնաբանությանը։
«Բելառուսի արտաքին գործերի նախարարը կարծես թե իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին։ Վատ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր:
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը խիստ հագեցած էր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, պաշտոնական մի շարք հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, ունեցել լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, հանդիպել նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: