Ինչու Ռուսաստանը չի պահանջում Բաքվի զորքերի հեռացումը ելման դիրքեր


Ինչու Ռուսաստանը չի պահանջում Բաքվի զորքերի հեռացումը ելման դիրքեր

  • 27-09-2022 14:48:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱՄՆ Պետդեպի խոսնակն այսօր վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը՝ Բաքվի ստորաբաժանումները պետք է հեռացվեն ելման դիրքեր։ ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակում պարբերաբար ներկայացնում է այս պահանջը։ Նման պահանջ են ներկայացրել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը եւ այլ պետություններ կոշտ հայտարարություններ են արել Հայաստանի դեմ ագրեսիայի կապակցությամբ։ Ավելին, Մակրոնը մատնացույց արեց այդ ագրեսիայի աղբյուրն ու երաշխավորին՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։
 
ՄԱԿ ԱԽ մշտական անդամ եւ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը նման հայտարարություն չի արել։ Հայաստանում ռուսական ագենտուրան՝ ռուսանպաստ քաղդասը, մեդիա-փորձագիտությունը մտահոգ են, որ Արեւմուտքը բավական ակտիվացել է Հայաստանի ուղղությամբ, կապելով այն Ռուսաստանի քաղաքականության հետ։ Բայց քաղաքականությունը դա է՝ ուզես-չուզես, ոչ թե կենցաղային անհեթեթությունները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ տիրաժավորում են ռուսանպաստ ագենտուրան ու զլմ-ները։ Հայտնվում են շահեր, անսպասելի հանգամանքներ, հնարավորություններ, տվյալ պարագայում՝ կապված հենց Ռուսաստանի քաղաքականության հետ լայն կտրվածքով։ Օրինակ, ռուսանպաստ լրատվամիջոցներից մեկն անկեղծորեն «զարմացել էր», թե ինչու է Հունաստանի դեմ Թուրքիայի ագրեսիվ ակտիվությունն ԱՄՆ-ն կապում ՌԴ ագրեսիայի հետ։
 
Դառնանք հարցին՝ ինչու Ռուսաստանը չի դատապարտել ու չի պահանջել Բաքվի հրոսակախմբերի վերադարձը ելման դիրքեր։
 
Ընդ որում, տվյալ պարագային ռուսների «վզին» է ոչ միայն ՄԱԿ ԱԽ մշտական անդամի ու Մինսկի խմբի համանախագահի, այլեւ Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրային պարտավորությունների, միասնական բանակի, միասնական ՀՕՊ-ի եւ այլնի բեռը։ Ահա այս հանգամանքները հաշվի առնելով, Մոսկվան լռում է այն պատճառով, որ ինքն է առաջնորդել ու աջակցել Բաքվի ագրեսիան։
 
Եթե այս տարբերակը «ձեռնտու» չէ ռուսանպաստ ագենտուրային ու ռուսասեր հանրությանը, ընտրությունն այդքան էլ մեծ չէ՝ ստացվում է Մոսկվան վախենում է Բաքվից, անզոր է նրա առաջ։ Կարելի է իհարկե կրկնել ավանդական շաղակրատանքը՝ «հայ-ռուսական հարաբերությունները ձախողվել են, դրա համար է Ռուսաստանն այդպես անում», բայց դա էլ նշանակում է Կրեմլին դնել անհույս հիմարի տեղ։ Եվ ստացվում է՝ մեր դաշնակիցն իրականում կամ թշնամի է, կամ անզոր, վախկոտ ու հիմար։
 
Կարող ենք հուշել մեկ այլ տարբերակ՝ Մոսկվան լռում է, քանի որ Ուկրաինայում անում է նույնը, ինչ Բաքուն՝ Հայաստանի դեմ։ Այսինքն՝ կա շահերի համընկնում, եթե չասենք, որ պլանավորումը երկու դեպքում էլ Մոսկվայի ռազմավարության մասն է՝ մեկ ռազմավարության մաս։ Ավելացնենք՝ Բաքուն չէր գնա ներխուժման, եթե չլիներ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից եւ ՄԽ համանախագահներից մեկի աջակցությունն ու երաշխիքը։ Այդ մեկը Ռուսաստանն է, որը ՄԱԿ ԱԽ-ում տապալեց Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ բանաձեւի ընդունումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play