Գլխավոր դատախազը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ


Գլխավոր դատախազը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

  • 28-09-2022 13:09:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 
 
Գլխավոր դատախազին շնորհավորել են Եվրոջասթի նախագահը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը,  Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը:
 
Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի շնորհավորական ուղերձում մասնավորապես  նշված է. 
 
«Հարգելի՛ տիկին Վարդապետյան,
 
Պատիվ ունեմ Եվրոջասթի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը սեպտեմբերի 15-ին ստանձնելու կապակցությամբ: Դատաիրավական մարմինների միջև ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար պատրաստ եմ Ձեզ հետ մեր հետագա աշխատանքներին նոր թափ հաղորդել:
 
2021 թվականին Եվրոպական հանձնաժողովը լիազորություն է ստացել Երևանում համապատասխան մարմինների և Եվրոջասթի միջև միջազգային համաձայնագիր կնքել` հիմք ստեղծելով մեր երկու կողմերի հետագա աշխատանքների համար:
 
Ուստի, պատիվ ունեմ Ձեզ աշխատանքային այցով հրավիրելու Եվրոջասթ, որը հնարավորություն կտա մանրամասն ներկայացնել Եվրոջասթի աշխատանքը և դրա դերը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում: 
 
Թույլ տվեք Ձեզ ցանկանալ հաջողություններ սպասվող կարևոր աշխատանքում: Անհամբերությամբ կսպասեմ Ձեզ հետ հանդիպմանը»:
 
Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ  Ասիլովի ուղերձում մասնավորապես նշված է. 
«Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 
 
Այս նշանակումը վկայում է Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նպատակասլացության մասին, որը Ձեր արդյունավետ աշխատանքի հիմքն է պատասխանատու պաշտոններում: 
 
Սիրով ցանկանում եմ Ձեզ հաջող աշխատանք, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և բարգավաճում: 
 
Հուսով եմ, որ մեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ օրինականության և իրավակարգի պահպանման »:
 
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի շնորհավորական ուղերձում նշված է.
 
     «Հարգելի՛ Աննա Կարենի, 
 
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի անունից և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պետական բարձր պաշտոնին նշանակվելու առթիվ: 
 
Այդ կապակցությամբ ողջունում եմ Ձեզ զբաղեցրած պաշտոնի ուժով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի անդամների կազմում ընդգրկվելու համար: 
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ապահովման հարցում բարձր մասնագիտական առաքելության իրականացման համար: 
 
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներդրումն օրինականության, հանցավորության դեմ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում ԱՊՀ տարածքում համագործակցության ամրապնդման գործում: 
 
Թույլ տվեք վստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի և դրա Քարտուղարության միջև հետագա արդյունավետ համագործակցության առնչությամբ»:
 
   Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի   շնորհավորական ուղերձում մասնավորապես  նշված է.
 
Հարգելի՛ Աննա Վարդապետյան, 
 
       «Մեծ ուրախությամբ ստացանք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ձեր նշանակվելու լավ լուրը: Թո՛ւյլ տվեք Դատախազների միջազգային ասոցիացիայի անունից ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքներն այս մեծ ձեռքբերման համար: 
 
Ձեր գերատեսչությունը 1999 թվականից ի վեր ունի գերատեսչությունը ներկայացնող ԴՄԱ անդամ և մինչ օրս ներկայացել է որպես մեր Ասոցիացիայի շատ նվիրված և բարձր գնահատված անդամ:  
 
Դուք, հավանաբար, ծանոթ եք ԴՄԱ-ի գործունեությանը, սակայն հնարավորություն չեք ունեցել ծանոթանալ գործող ծրագրերին և անդամակցության առավելություններին: 
 
Հուսով եմ, որ հնարավորություն կունենանք շուտով հանդիպել՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ամրապնդելու համագործակցությունը և փոխըմբռնումը»:
 
                                                                    
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն