ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ


ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ

  • 28-09-2022 14:56:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում: 
 
Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին: 
 
Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
 
Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին: 
 
ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play