Շոկի մեջ ենք, ուշքի չենք գալիս․ երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ
28-09-2022 18:26:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող եւ երեկ հայտնաբերված շարքային Սամվել Անթանյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, ուստի նրան հոսպիտալում պահելու եւ ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն եւս չի առաջացել։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ըստ մեր ունեցած տվյալների՝ Սամվելն այժմ զորամասում է գտնվում, նրա գտնվելու ստույգ վայրի, ինչպես նաեւ հայտնաբերման վայրի մասին տեղեկություններ ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հրապարակել՝ ելնելով անվտանգությունից։
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաեւ ժամկետային զինծառայողի հարազատների հետ։ Վերջինիս հորեղբոր կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հայտնեց, որ երեկ՝ ժամը 17։00-ի մոտակայքում են իմացել Սամվելի գտնվելու մասին։
«Թե՛ հայրն ու մայրը, թե՛ մենք եւ մյուս հարազատները դեռ շոկի մեջ ենք։ Այսքան օր անց անսպասելի իմանալ այդ լուրը, չեք պատկերացնի, թե ինչ է մեզ համար։ Մինչեւ Սամվելին մեր աչքով չտեսնենք, հետը չխոսենք, ոչինչ ասել չենք կարող։ Մենք անգամ հստակ չգիտենք, թե ինչ վիճակում են իրեն գտել ու ինչպես է»,- ասաց Մինասյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից, անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:
Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մոտ 40 անհետ կորած զինծառայողների, այդ թվում՝ Սամվել Անթանյանի հարազատները երեկ ՊՆ-ի դիմաց հավաքվել և պահանջել էին տեղեկություններ հայտնել իրենց զինծառայողների գտնվելու վայրի մասին: Նրա հորեղբայրը պատմել էր, որ սեպտեմբերի 13-ից ծնողները Ներքին Հանդում ծառայող Սամվել Անթանյանից ոչ մի լուր չունեն։ Հորեղբոր խոսքով՝ նա երկու ամսվա զինծառայող է և մարտական դիրքեր է գնացել սեպտեմբերի 12-ի գիշերը՝ շինարարական աշխատանք կատարելու նպատակով, այնուհետև կապը Սամվելի և մի շարք այլ զինծառայողների հետ կորել է: