Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Փաշինյան


Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Փաշինյան

  • 29-09-2022 11:35:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 28-ին սադրանքի են դիմել և հարվածներ հասցրել Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով նախորդ օրվա սահմանային միջադեպին:
 
«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել:
 
Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է: Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը ընդգծեց՝ կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները:
 
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը