Վլադիմիր Պուտինը վաղը Կրեմլում կհանդիպի Պետական դումայի պատգամավորների հետ


Վլադիմիր Պուտինը վաղը Կրեմլում կհանդիպի Պետական դումայի պատգամավորների հետ

  • 29-09-2022 15:47:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաղը Կրեմլում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Պետական դումայի պատգամավորների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայի զավթված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքների վերաբերյալ նախատեսված քայլերն են:
 
Վաղը Կրեմլում կստորագրվեն փաստաթղթեր Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների ընդգրկման մասին: Այդ տեղեկությունը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
Մի անանուն օրենսդիր էլ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ նախագահը մտադիր է հատուկ ուղերձով դիմել խորհրդարանի երկու պալատներին՝ Դաշնության խորհրդին և Պետական դումային:
 
Ենթադրվում է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինայի գրավյալ տարածքները Դաշնությանը միացնելու մասին, ինչը կհիմնավորի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացված ապօրինի հանրաքվեների արդյունքներով:
 
Մոսկվայի Կարմիր հրապարակն արդեն զարդարել են «Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը՝ Ռուսաստան են» գրությամբ հսկայական պաստառներով և հանդիսավոր միջոցառումների ու տոնական համերգի բեմ են տեղադրում:
 
Կիևը և Արևմուտքը կտրականապես մերժում են այդ հանրաքվեների արդյունքները ճանաչելու հնարավորությունը:
 
Նախօրեին Վաշինգտոնը հայտնել է Կիևին ևս 1 միլիարդ 100 միլիոն լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին:
 
Այդպիսով, այս պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային Ամերիկայի հատկացրած օգնության ծավալը կհասնի 16 միլիարդ 200 միլիոն դոլարի: Արևմուտքը ծրագրում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը