Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին


Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

  • 29-09-2022 19:54:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել և տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ներկայացրեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:
 
«ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ»,-ասաց ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ հենց նրանք են նկարել և տարածել սոցցանցերում:
 
Մարտիկյանը հավելեց՝ հայկական կողմի համար պարզ է, թե ում հետ գործ ունի ռազմական տեսանկյունից:
 
«Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը»,-ասաց Մարտիկյանը:
 
Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնեց, որ իրավիճակը շփման ողջ երկայնքով այսօրվա ընթացքում եղել է համեմատաբար հանգիստ՝ բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը