«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ

  • 01-10-2022 11:46:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Մենք այս կարևոր օրը նշել ենք հանրային միջոցառումներով՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ, թատերական ներկայացումներ, կլոր սեղան-քննարկումներ, մամուլի ասուլիսներ, մոմավառություններ՝ ի հիշատակ կնասպանության զոհերի։ Սակայն այս տարի, ինչպես և 2020 թվականի Հոկտեմբերի 1-ին, մենք չենք իրականանցնելու հանրային միջոցառումներ, քանի որ մեր երկիրը դարձյալ գտնվում է ծանր իրավիճակում։ Պատերազմական գործողությունները Հայաստանի սահմաններին երիտասարդ կյանքեր են խլում, այդ թվում նաև կին զինծառայողների, ովքեր կատարելով մարտական առաջադրանքները զոհվում են, իսկ, երբեմն նաև, ենթարկվում  խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի։ Այս դեպքերով մենք դիմել ենք մեր տեղական և  միջազգային գործընկերներին՝ ընդգծելով պատերազմական հանցագործությունների գենդերային բնույթը։
 
Պատերազմելու կամ չպատերազմելու որոշումը երբևէ կանայք չէ, որ կայացնում են։ Դա հայրիշխանական համակարգի բռնության դրսևորման ամենադաժան ձևերից է, որի բոլոր հետևանքներն ու սարսափները կրում են կանայք՝ մի դեպքում հայտնվելով կրակահերթերի ուղիղ թիրախում, մյուս դեպքում՝ կրելով անմիջական հետևանքները։ 
 
Համակարգային բռնության մեքենան գործում է նաև ընտանիքում, որտեղ նույնպես, մեծամասամբ թիրախում կանայք են։ Ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակում չեն նվազում։ Այդ են վկայում ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալները։ Ըստ այդմ, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է  391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծերին այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ստացել ենք 4808 հեռախոսազանգ։ Նույն ժամանակահատվածում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից Հայաստանում սպանվել է առնվազն 7 կին, ինչը վկայում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր է ու պետք է գտնվի պետական անմիջական ուշադրության ներքո։
 
Կոալիցիայի համառ պայքարի շնորհիվ 2017թ․ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը, սակայն, լրջագույն բացեր ունի։ Մենք բազմիցս նշել ենք, որ այն պետք է փոխվի և երաշխավորի կանանց անվտանգությունն ու բռնությունից դուրս ապրելու իրավունքը, սակայն օրենքի բարելավման գործընթացը որևէ կերպ առաջընթաց չի ապրում։ Եվ անկախ երկրի իրավիճակից, պետությունը պետք է զգոն լինի կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ։
 
Ուստի, մենք դարձյալ վերահաստատում ենք մեր կամքը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում և հարգանքի տուրք մատուցում ընտանեկան, ինչպես նաև պատերազմում՝ համակարգային բռնությանը զոհ դարձած կանանց։
 
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն