Միջազգային կոնսենսուս՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու փորձերի դեմ. առավելագույնս գործի են դրված Հայաստանի անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները


Միջազգային կոնսենսուս՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու փորձերի դեմ. առավելագույնս գործի են դրված Հայաստանի անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները

  • 01-10-2022 12:45:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Յուրաքանչյուր պետության զինված ուժերի թիվ մեկ խնդիրը տվյալ երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Օրերս Վարդենիսում Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքների վերականգնման հրաման ունի:
 
Այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ արդեն երկրորդ տարին մեր հողի վրա է, բնական է, որ երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման միակ գործառույթն ունեցող կառույցը պետք է ունենա նման հրաման եւ իր առաջ դրված թիվ մեկ խնդիր: Այստեղից հետեւում է, որ ՀՀ ԶՈՒ-ն պետք է հակազդի ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք հետագա ներթափանցման փորձերին եւ լուծի երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը: Այն դեպքում, երբ միջազգային հանրության՝ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու ուղղությամբ գործադրված միջոցներն արդյունք չեն տալիս, Հայաստանը պարտադրված է հզորացնել իր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Մասնավորապես՝ դրա շրջանակներում է Հնդկաստանից 240 մլն դոլարի զենքի գնման գործընթացը, որն ունի բացառապես ադրբեջանական ագրեսիային հակազդելու նպատակ: Ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է  տարածում, թե այդ զենքն իրենց սահմանամերձ գյուղերը ռմբակոծելու համար են, այն դեպքում, երբ մինչ օրս Ադրբեջանն է ագրեսիայի հեղինակը, եւ Արցախի հարակից տարածքներն օկուպացնելուց հետո արդեն երկու տարի այդ գյուղերում քաղաքացիական բնակչությունը դեռ չի բնակվում:
 
Ռազմական անվտանգային բաղադրիչից բացի, ՀՀ-ն շարունակում է դիվանագիտական գործիքն օգտագործել Ադրբեջանին զսպելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին, Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ներկայում քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման»։
 
Այս ամենը խոսում է այն մասին, որ եւ՛ Հյուսիսում, եւ՛ Արեւմուտքում գիտակցում են, որ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հղի է տարածաշրջանը լայն առումով ապակայունացնելու հեռանկարով՝ ՀՀ-ի՝ իր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության եւ աշխարհաքաղաքական քարտեզը փոխելու փորձերի դեպքում՝ Իրանի՝ ռազմական գործողությունների դիմելու բարձր հավանականության իրողությունների ներքո: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մեկին ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, քանի որ վերջիններս փորձում են օգտվել աշխարհում ստեղծված անկայուն վիճակից: Այս պայմաններում իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչների գործադրման Հայաստանի քայլերին դրական արդյունքներ ապահովելու համար կան միջազգային կոնսենսուսի բարենպաստ պայմաններ:
 
Արմեն Վարդանյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը