Ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ


Ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ

  • 01-10-2022 20:53:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․
 
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ կրակոցներ արձակած զինծառայողը, ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է։
 
Կատարվում է նախաքննություն»:
 
Ավելի վաղ, ՊՆ-ն տեղեկացրել էր, որ  ստացած հրազենային վիրավորումով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն