Ձեր ծառայողական մեքենաներից իջեք և ապրեք միջին վիճակագրական երևանցու տրանսպորտային կյանքով
04-11-2022 20:55:40 | Հայաստան | Հասարակություն
Վերջերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ինքը գիտե, որ սրճարաններում ծխում են: Ասել է թե՝ հանրային վայրերում ծխախոտի արգելքի մասին օրենքը չի գործում: Նիկոլ Փաշինյանը սակայն չգիտե, որ ծխում են ոչ միայն սրճարաններում, այլև հանրային տրանսպորտում՝ վարորդները:
Այսօր թիվ 11 նոր, երկար կապույտ ավտոբուսի վարորդն անդարդ ծխում էր: Լեփլեցուն ավտոբուսի մեջ: Տեսավ, որ ուշադիր նայում եմ իր ծխախոտին՝ ձեռքը հանեց պատուհանից, որ իբր ծուխը դուրս գա, բայց սրահն արդեն լցվել էր ծխով: Տեսչական մարմիններ չկա՞ն, պարբերաբար ստուգումներ անցկացրեք: Օրենք եք ընդունում, հետևեք կիրակմանը: Ի՞նչ եղան միասնական մշտական տոմսերը, ի՞նչ եղան էլեկտրոնային կանգառները:
Եվ ընդհանրապես, քաղաքային տրասնպորտի վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում: Երևանում չգիտես, թե ինչպես երթևեկես. մեքենայով ես դուրս գալիս՝ հայտնվում ես երկարուձիգ խցանումների մեջ, քաղաքային տրանսպորտը լեփլեցուն է, եթե իհարկե, հայտնվում է, տաքսիների սպասարկման մասին էլ չասեմ: Եթե քաղաքային տրանսպորտը լավ աշխատի, գուցե այդքան սեփական ավտոմեքենաներով դուրս չգան, և խցանումներից մասմաբ հնարավոր լինի խուսափել:
Քաղաքի բնակչությունն ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից եկողների հաշվին, սակայն շահագործվող տրանսպորտի ծավալը հավանաբար մնացել է անփոփոխ: Մետրոն օրվա գրեթե բոլոր ժամերին է լեփլեցուն. շարժակազմը համալրեք, գնացքների թվակազմն ավելացրեք:
Երբեմն էլ ձեր ծառայողական մեքենաներից իջեք և ապրեք միջին վիճակագրական երևանցու տրանսպորտային կյանքով: Այդ դեպքում երևանցու խնդիրները միայն ընտրություններին ընդառաջ չէ, որ կնկատեք: Եթե, իհարկե, կնկատեք: