Ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը․ ԱՀ ՄԻՊ-ը Խրամորթի դեպքի մասին


Ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը․ ԱՀ ՄԻՊ-ը Խրամորթի դեպքի մասին

  • 05-11-2022 20:31:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջումգրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը։
 
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
 
Գրառման մեջ նաև ասված է․
 
«Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածավալ խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։
 
Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։
 
Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»։
 
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական