«Ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է, բայց...». Խաչատրյան


«Ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է, բայց...». Խաչատրյան

  • 14-11-2022 13:42:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արմեն Խաչատրյանը նշեց, որ կան զինատեսակներ, որոնք Հայաստանը փորձում է ոչ թե ՌԴ–ից, այլ ուրիշերկրներից գնել, քանի որ զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմն է։
 
ՀՀ-ն ավելի շատ Ռուսաստանից է զինամթերք ձեռք բերում` պայմանագրային պարտականությունների շրջանակներում, սակայն զինատեսակներ կան, որոնք պետք է այլ երկրներից գնվեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
 
Նշենք, որ լրագրողները Խաչատրյանից հետաքրքրվել էին, թե համամի՞տ է ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի կարծիքի հետ, թե այն զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից։
 
«Զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմն է` մենք տեսել ենք 44-օրյա պատերազմ, տեսնում ենք ռազմական գործողություններ Ուկրաինայում, Սիրիայում, և մեր փորձագետները շատ ավելի լավ գիտեն` ինչ զենքեր են մեզ պետք։ Իհարկե, ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է կազմում, բավականին լավ զինատեսակներ կան, որոնք իրենց արդարացրել և արդարացնում են բոլոր պատերազմներում, սակայն զինատեսակներ էլ կան, որ պետք է այլ երկրներից ձեռք բերվեն»,–ասաց Խաչատրյանը։
 
Նրա խոսքով` եթե Տիգրան Աբրահամյանը հետևի պատերազմական գործողություններին, կհասկանա, որ ԱԹՍ–ների դեմ «լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ»։
 
Խաչատրյանը հավելեց, որ զենքի ձեռբերման գործընթացներն ակտիվ իրականացվում են` մի շարք երկրների հետ են այդ խոսակցություններն ու քննարկումները տարվում։ Նա շեշտեց` այն, որ մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ այս պահին` քննարկման առարկա չէ։
 
Ինչ վերաբերում է օդը փակելուն, ապա Խաչատրյանը նշեց, որ հայկական արտադրողներն էլ ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի բավականին լավ մշակումներ, այսինքն` օդը փակելու պասիվ մեթոդներ։ Այս ուղղությամբ, ըստ նրա, բավականին լուրջ աշխատանքներն են իրականացվում։
 
«Հայաստանի ապագան ռազմաարդյունաբերական երկիր լինելու մեջ եմ տեսնում։ Մենք այլ տարբերակ չունենք` պետք է կարողանանք լավագույն զենքերն արտադրել ու արտահանել։ Դրան հասնելու համար շատ բան է արվում, որի արդյունքները չեն ուզում ներկայացնել։ Ամենակարևորն ունենք հումքը` ինտելեկտը, մասնագիտական կարողությունները, ինչը զարգացնելու ենք»,–ասաց Խաչատրյանը։
 
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, թե վստահ է` տարիներ անց մեր ռազմաադրյունաբերությունն աշխարհում ասելիք է ունենալու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play