Ճաղավանդակը կոտրել, պատուհանից մտել են ու տարել պատից կախված նկարներ. թալանել են Թագուհի Ստեփանյանի հայրական տունը
14-11-2022 18:25:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Թալանել են Երեւանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հայրական բնակարանը։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Ստեփանյանը: Վերջինս նշեց, որ դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն առայժմ ոչինչ չի բացահայտվել:
Ստեփանյանը նաեւ մանրամասնեց՝ տունը իր հայրականն է, որը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Այն ավելի շատ որպես ամառանոց է ծառայում վերջինիս ընտանիքի համար:
Նոյեմբերի 13-ին Թագուհի Ստեփանյանը գնացել է գյուղ, այդ ժամանակ էլ հայտնաբերել է կատարվածը:
«Ճաղավանդակը կոտրել են, պատուհանը բացել, մտել տուն եւ այնտեղից հափշտակել պատից կախված նկարներ: Դրանք հորս նկարներն էին, ծնունդին էր նվերն ստացել: Կարծում եմ՝ գողություն անողները իմացել են, որ տանը մշտական բնակվող չկա ու օգտվել են առիթից: Ամառները մայրս է այնտեղ հաճախ գնում մնում, բարեբախտաբար, այժմ նա Երեւանում է»,- եզրափակեց նա: