Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում ու ազատվում ծառայությունից. Պապիկյան


Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում ու ազատվում ծառայությունից. Պապիկյան

  • 15-11-2022 18:27:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ազգային Ժողովում քառօրյա նիստի ընթացքում հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և առաջարկություն հնչեցրեց։ Ըստ Թորոսյանի՝ կարելի է երկքաղաքացիություն ունեցող անձանց ազատել ՀՀ-ում ծառայություն անցնելուց։
 
«Մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ անչափահաս տարիքում կամ մինչև 27 տարեկանը, եթե օտարերկրյա քաղաքացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն նաև, ենթակա է զորակոչի։ Սակայն ունենք այն կատեգորիան, որ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ինչ-որ առիթով, բայց ինքը ՀՀ-ի մշտական բնակեցում չունի, ապրում է արտերկրում, ՀՀ ռեզիդենթ քաղաքացի չէ։ Ապրում է այն երկրում, որի քաղաքացին է ևս, բայց մեր օրենսդրությամբ ենթակա է նաև մեր բանակում ծառայության։
 
Ես առաջարկում եմ օրենքը փոփոխել։ Սահմանել՝ այն քաղաքացիները, ովքեր անչափահաս տարիքում Հայաստանում ընդունում են քաղաքացիություն, բայց չեն ապրել Հայաստանում, այլ իրենց քաղաքացիության երկրում ու այնտեղ կատարել ծառայություն, նրանց ազատել ՀՀ-ում ծառայելու պարտավորությունից և օգտակար լինել նրանց ելքն ու մուտքը ՀՀ կազմակերպելու հարցում»,- առաջարկեց Թորոսյանը։
 
Պապիկյանն արձագանքեց՝ ասելով՝ գիտի, որ Թորոսյանն իր խոսքում նկատի ունի ջավախահայերին, սակայն այս հարցում չպետք է որևէ տարանջատում դնել:
 
«Հնչեցրած հարցի հետ կապված քննարկումներ եղել են։ Խնդիրը արդիական է ու մի քանի շերտից է բաղկացած։ Այն տարածվելու է նաև այնպիսի քաղաքացիների վրա, ովքեր ոչ միայն կապված են ՀՀ-ի հետ, այլ նաև քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում քաղաքացիություն ու ինչ-որ փուլում ազատվում զինվորական ծառայությունից։ Ջավախահայության մասին եք խոսում, ովքեր Վրաստանում ծառայություն են անցել և ունեն զինվորական գրքույկ։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, բայց խորքային է»,- նկատեց նախարարը։
 
Ըստ նրա՝ այս հարցի հետ կապված հնարավորություն կար ՀՀ քաղաքացիներին վաղաժամկետ զինվորական ծառայությունից ազատել և պահեստազորում գրանցել, սակայն նախագիծը դեռ շարունակում է մնալ առկախ վիճակում, բայց այն արդիական է։
 
Պապիկյանը նկատեց՝ վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ ՊՆ-ն նպատակահարմար չի համարել այդ նախագիծը քննարկել, բայց դրան դեռ անդրադարձ կլինի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը