Պեմզաշենի գործով մեղադրյալ «Տիխին» կալանավորվեց. նա պնդում է, որ իր վրա շառ են անում. «Հրապարակ»


Պեմզաշենի գործով մեղադրյալ «Տիխին» կալանավորվեց. նա պնդում է, որ իր վրա շառ են անում. «Հրապարակ»

  • 15-11-2022 19:46:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պեմզաշենում 31-ամյա կնոջն ու նրա երկու անչափահաս երեխաներին սպանելու մեղադրանքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Հիշեցնենք, որ մեղադրյալները առայժմ երկուսն են` սպանության մեջ անմիջականորեն կասկածվող Վրույր Բարսեղյանը եւ նրա հորեղբոր որդին` Արկադի Բարսեղյանը:
 
Փաստաբան Վլադիմիր Մինասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է իր պաշտպանյալի` Արկադի Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը եւ դատարանը բավարարել է միջնորդությունը:
 
Մենք տեղեկացանք, որ Արկադի Բարսեղյանը, նույն ինքը` «Տիխին» հանցանքը չի ընդունում և նշում է, որ ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Գործով փաստաբան Վլադիմիր Մինասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ, իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը, քանի որ ոչ մի կապ չունի դրա հետ: Հարցին, թե իսկ ինչպե՞ս է ստացվում, որ անմեղ մարդը նման ոճրագործության կիզակետում է հայտնվել, փաստաբանն ասաց` «Եթե մանրամասներ հայտնեմ` նախաքննական գաղտնիքը կբացահայտեմ, ուստի կասեմ երկու բառով` ըստ պաշտպանյալիս, այս ամենը պայմանավորված է շառով», - ասաց մեր զրուցակիցը:
 
Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞վ է այդ շառ անողը և ի՞նչ նպատակ է հետապնդում, փաստաբանն ասաց. «Դա արդեն Ձեզ չեմ կարող ասել»:
 
Փաստաբանից նաև հետաքրքրվեցինք, թե համագյուղացիներն ինչպե՞ս են արձագանքում կատարվածին, նրանք է՞լ են կարծում, որ Բարսեղյանին «շառով են տալիս», փաստաբանը նշեց.
 
«Կոնկրետ իր հետ կապված գյուղում տրամադրությունները շատ նորմալ են: Կարող եք գյուղացիներից հարցնել, թե ով է Արկադի Բարսեղյանը, ընդունա՞կ էր նման արարք կատարելու, թե՞ ոչ: Արկադի Բարսեղյանն ասում է, որ շառ են անում իր վրա, փաստերը համադրելով կարող եմ ասել, որ համակարծիք եմ նրա հետ», - խոսքը եզրափակեց փաստաբանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play