Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը


Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը

  • 15-11-2022 21:11:53   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
 
Ֆրանսիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չառարկեց բանաձևի ընդունմանը, սակայն նաև չհսատակեցրեց՝ արդյո՞ք Կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով. «Աշխարհում որևէ երկիր ավելին չի անում Հայաստանին աջակցելու համար»։
 
Պատգամավոր Պատրիկ Կանեն իր ելույթում նշեց. «Հայ ժողովուրդը, որ այդքան տառապանքներ է կրել, պետք է տեսնի, որ բոլոր գերիները վերադառնում են, դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Ադրբեջանը պետք է նաև առանց նախապայմանների դուրս գա Հայաստանի տարածքից ու հարգի այդ երկրի ինքնիշխանությունը»:
 
Պիեր Ուզուլիասն էլ նշեց, թե Ադրբեջանը Հայաստանում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում՝ ընդգծելով, - «Բացի այդ, Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմանները առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց»:
 
«Այս առաջարկի նպատակը Հայաստանին իր դժբախտության հետ չթողնելն է։ Ինչպես է պատահում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի ինքնիշխանությունը, և դատապարտվում է, ենթարկվում է պատժամիջոցների, այնինչ Ադրբեջանի դեպքում՝ ոչինչ, Թուրքիայի դեպքում՝ ոչինչ։ Ամոթ է, ինչ է սա նշանակում, Ուկրաինայի ինքնիշխանությունն ավելի՞ն արժե, քան Հայաստանինը։ Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում նույնկերպ պատերազմական հանցագործություններ են կատարվել Հայաստանում, բայց դրանց ոչինչ չի հետևել», - ասաց մեկ այլ պատգամավոր Բրյունո Ռետայոն:
 
Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
 
«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։
 
Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը