Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգևատրվեցին «Արցախի հերոս» կոչումով


Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգևատրվեցին «Արցախի հերոս» կոչումով

  • 17-11-2022 17:55:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա  պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին   հետմահու շնորհվեց  «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Քառօրյա պատերազմում իր որդին և բոլոր տղաները տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն հայրենիքի:
 
«Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժևորելու համար: Սա գնահատանք է, արժևորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»,- ասաց հերոսի հայրը:
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:
 
«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգևատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել և մեր եզդի Քյարամի պարգևատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների Ազգային որևէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որևէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
 
 
Արցախի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայր Համիկ Սլոյանն իր խոսքում նշեց, որ միշտ հպարտություն են զգացել իրենց եղբոր սխրանքով:
 
«Միշտ հպարտացել ենք ոչ միայն Քյարամի՝ այլև մեր բոլոր հերոսներով, քանի որ Քյարամի դեպքից հետո սահմանին զոհված  յուրաքանչյուր զինվոր մեզ համար Քյարամ է: Իսկ կոչում շնորհելը կարևորվում է նրանով, որ իրենց արած հերոսությունը գնահատվում է»,-ասաց նա:
 
Համիկ Սլոյանը պատմեց, որ իր որդուն անվանակոչել է եղբոր անունով, չնայած նրան, որ եղբոր բացը ոչինչ չի լրացնի, բայց փորձում են նրա կարոտը և բացը լրացնել փոքրիկ Քյարամով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը