Մենք կարող ենք պացիենտին վերադարձնել նախակոտրվածքային վիճակի. AO trauma սեմինար


Մենք կարող ենք պացիենտին վերադարձնել նախակոտրվածքային վիճակի. AO trauma սեմինար

  • 22-11-2022 12:39:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO trauma միջազգային հիմնադրամը» արդեն 6-րդ տարին Հայաստանում կազմակերպում է վնասվածքաբանության թեմայով դասընթացներ՝ ոլորտում կիրառվող նորարություններն ու բուժման ժամանակակից մեթոդները հայ բժիշկներին  հասանելի դարձնելու համար: 
 
AO trauma -ն ստեղծվել է Շվեցարիայում, տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները լայն շրջանակներում  տարածելու ջանքերի շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն միացել են կազմակերպությանը. «Մեծաթիվ փորձառու վնասվածքաբան-մասնագետներ, անցնելով վերապատրաստումներ այս կազմակերպության շրջանակներում, կամավոր հիմունքներով  տարբեր երկրներում կարդում են դասախոսություններ, որպեսզի իրենց փորձը առավելագույնս տարածվի և կիրառվի ավելի շատ վնասվածքաբանների կողմից»,- պատմում է AO Trauma Շվեցարիայի ներկայացուցիչ Անիաս Շութեր: Այս տարի սեմինարը նվիրված էր վերին վերջույթի` ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքներին և դրանց բուժման նորագույն մոտեցումներին։ Դասընթացի մասնակիցները 48-ն էին:
 
AO Trauma սեմինարը մեկ հարկի տակ էր հավաքել փորձառու վնասվածքաբանների Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Բելառուսից և Հայաստանից: Մասնագետները իրենց ելույթներում ներկայացնում էին վերին վերջույթի կոտրվածքի կամ վնասվածքի ժամանակ կիրառվող ախտորոշման և բուժման ամենաարդյունավետ ու օպտիմալ լոծումները, անդրադառնում նորագույն սարքավորումների ու իմպլանտների կիրառման առանձնահատկություններին՝ շեշետելով, որ սեմինարի ընթացքում ներկայացվող մոտեցումները ապացուցել են իրենց արդյունավետությունը մեծաթիվ պացիենտների բուժման գործընթացում. «Այստեղ ներկայացվող մոտեցումները գիտականորեն ապացուցված են: Այն ինչի մասին այստեղ խոսվում է, հայ բժիշկների համար անգնահատելի ինֆորմացիա է: Այո, այսօր համացանցը հարուստ  է տարբեր տիպի բուժման մեթոդների և իմպլանտների մասին տեղեկատվությամբ, սակայն դրանք ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է ինչպես գիտելիքներ, այնպես էլ որոշակի փորձ: Օրինակ՝ Չեխիայից ժամանացած փորձառու վնասվածքաբան, վերին վերջույթների նեղ մասնագետ Մարտին Քլոուբը այնպիսի մանրամասն ու արժեքավոր տեղեկատվություն է տվեց այսօր, որ համացանցում գտնել ուղղակի անհնար է: Նա տարեկան վերին վերջույթի հարյուրավոր վիրահատություններ է իրականացնում և նրա փորձառությունը հայ մասնագետների համար ուսանելի և օրինակելի կդառնա»-, ասում է AO Հայաստանի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Կարեն Մարտիրոսյանը Չեխիայի հանրապետությունից ժամանած փորձառու վնասվածքաբան Մարտին Քլոուբն էլ, ով արդեն 20 տարի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» անդամ է, ասում է՝ այսպիսի դասընթացներն ու հանդիպումները կարևոր են մի քանի պատճառով. նախ ծանոթանում ես աշխարհի մյուս ծայրում ապրող գործընկերների հետ, հասկանում ես, թե ինչպես են նրանք բուժում վնասվածքը կամ կոտրվածքը, ապա ներկայացնում նաև բուժման քո սեփական փորձն ու մեթոդները. «Իսկ իմ տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ պետք է բուժել ոչ թե կոտրվածքը կամ նկարը, այլ բուժումը իրականացնել դիտարկելով մի քանի փաստեր: Առաջինը կատարել ռենտգեն հետազոտություն, ապա շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ: Հաշվի առնելով բժշկական գիտական ուղեցույցները, որոնք ասում են, թե այս կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով, ամբողջացնել այդ բոլորը և արդյունքում կստացվի լավագույն բուժումը»: 
 
Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանի կարծիքով յուրաքանչյուր նման հանդիպում կարևոր է հայ մասնագետների համար, քանի որ միշտ չէ, որ բոլորը հնարավորություն են ունենում մեկնելու արտասահման վերապատրաստումների: Իսկ այսպիսի սեմինարների ժամանակ հանդես են գալիս նեղ մասնագետներ և ներկայացնում բուժման այն մեթոդները, որոնց փորձը իրենք ավելի շատ ունեն: «Այնպես չէ որ Հայաստանի բժիշկները քիչ  գիտեն կամ պակաս փորձառու են, հակառակը,հայ բժիշկները մեր ունեցած տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելով հրաշքներ են գործում: Ուղղակի  յուրաքանչյուր վնասվածք ունի իր առանձնահատկություններն ու բուժման սպեցիֆիկան: Եվ այսպիսի հանդիպումների ընթացքում փոխանցվում է շատ  լավ փորձ, թե ինչպես կարդալ վնասվածքը: Իսկ ճիշտ և արդյունավետ բուժման համար շատ կարևոր է, որպեսզի մասնագետը ճիշտ կողմնորոշվի: Այսօրվա բժշկությունը տալիս հնարավորություն հիվանդին վերադարձնել իր  նախավնասվածքային մակարդակին: Եվ մենք բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք չպետք է բուժումից հետո ասենք մի քիչ լավ է կամ վատ է, այլ այնպես պետք է բուժենք, որ կարճ ժամանակում պացիենտը վերադառնա նախավնասվածքային իր վիճակին:
 
Իսկ դրա համար լսել և կիրառել աշխարհում լավագույն փորձերը, միայն մեր շահերից է բխում»:  Արա այվազյանը նաև նկատեց, որ արտասահմանում վերապատրաստումները բավականին թանկ արժեն՝շուրջ 4-6 հազար դոլար, և բոլոր մասնագետները չեն, որ ամեն տարի իրենց կարող են թույլ տալ գնալ վերապատրաստվել սեփական միջոցների հաշվին, իսկ նման միջոցառումները թույլ են տալիս ամենակարևորը խտացված ձևով ստանալ առաջատար մասնագետների շուրթերից:
 
Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնի մասնագետ Գրիգորի Կարապետյանի կարծիքով էլ այսպիսի դասընթացները ուղղված են ավելի գրագետ վիրահատություններ կատարելուն. «Ժամանակակից բժշկությունը քայլ առ քայլ գնում է բարդությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով, կան ժամանակակից ստանդարտներ և նորարություններ կոտրվածքները բուժելու համար, և մենք այսօր այստեղ տեսանք և լսեցինք այդ ամենը»: 
 
Ամբողջ դասընթացը ընթացավ ակտիվ երկխոսությամբ ու քննարկումներով: Փորձի փոխանակմամբ և ինֆորմատիվ առումով հագեցած ծրագիր էր, որը կօգնի հայ վնասվածքաբաններին հետագայում իրենց հիվանդներին արագ և արդյունավետ բուժելու հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն