Կառավարության շենքում կարելի է ընկերություն գրանցել. Իրավաբանական անձանց պետռեգիստրը չի ստուգում հասցեները


Կառավարության շենքում կարելի է ընկերություն գրանցել. Իրավաբանական անձանց պետռեգիստրը չի ստուգում հասցեները

  • 23-11-2022 13:50:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ձեզանից յուրաքանչյուրի տան հասցեում հնարավոր է գրանցված լինի որեւէ ընկերություն, հասարակական կազմակերպություն կամ ԱՁ, բայց դրա մասին չիմանաք: Նույնիսկ կարող եք նամակներ ստանալ, եթե մի օր այդ ընկերությունը կամ կազմակերպությունը դատական գործ ունենա: 
 
Ինչպես արդեն գրել ենք, «ՀՀ արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» անվանմամբ մասնավոր կազմակերպության աշխատակիցներն այցելում են տարբեր ընկերություններ, ներկայանում պետության անունից ու գումարի դիմաց ծառայություններ առաջարկում։ Կազմակերպությունը գրանցված է Կառավարական տուն 3 հասցեում։
 
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր կառավարություն՝ ճշտելու, թե արդյոք Կառավարության շենքում մասնավոր ընկերություն կամ ՀԿ կարող է գրանցվել։ Իսկ ՏԿԵՆ-ին հարցրել էինք՝ արդյոք նախարարությունը լիազորել է մասնավոր ընկերությանը իրազեկման աշխատանքներ կատարել ընկերություններում։
 
Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրել էր Արդարադատության նախարարությանը, որն էլ հայտնել է, որ իրավաբանական անձի կողմից պետական միասնական գրանցամատյանում Կառավարական տան հասցեն, որպես որևէ իրավաբանական անձի իրավաբանական հասցե գրառելու հետ կապված սահմանափակում գործող օրենսդրությամբ նախատեսված չէ։
 
«Միասնական գրանցամատյանում իրավաբանական հասցեների վերաբերյալ տեղեկություններ գրառելու համար համապատասխան անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնություն կամ օրենքով նախատեսված այլ փաստաթուղթ գործակալություն ներկայացնելու պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ»,-ասված է Արդարադատության նախարարության՝ «Հետքին» ուղարկված պատասխանում։
 
Ստացվում է, որ Հայաստանում գրանցվող կազմակերպությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ցանկացած հասցե կարող է գրել, ընդհուպ Կառավարական տան, նախագահական նստավայրի, ԱԱԾ-ի կամ մեզնից յուրաքանչյուրի հասցեն, քանի որ դա չի ստուգվում։  
 
Այս դեպքում «Հակակոռուպցիոն և հանցավոր արարքների դեմ պայքարի հատուկ կազմ» և ««Օրենքի գերակայության և հանրային շահերի պաշտպանության պալատ» ՀԿ-ները, օգտվելով առիթից, որ գրանցած տվյալները չեն ստուգվում, մարդկանց վստահություն ներշնչելու և մոլորեցնելու համար իրավաբանական հասցե են ընտրել Կառավարական տուն 1 և Կառավարական տուն 3-ը։
 
ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ 2022-ի օգոստոսի 29-ին «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնից» ստացել է գրություն, որով Կենտրոնը խնդրում է նախարարությանը շրջաբերական գրությամբ կազմակերպության գործունեության վերաբերյալ ծանուցել մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին, ինչպես նաեւ վերջիններիս ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներին եւ ՊՈԱԿ-ներին: 
 
 
Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացրած տեղեկատվությունը իրականացվող հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման եւ անվտանգ շահագործման պարագաների մատուցման եւ ձեռքբերման աշխատանքների վերաբերյալ «ի տնօրինություն» ձեւաչափով ուղարկվել է մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին: 
 
«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չի լիազորել  «Արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին իրազեկման աշխատանքներ իրականացնել, իսկ «Օրենքի գերակայության եւ հանրային շահերի պաշտպանության պալատից» որեւէ հարցում/դիմում չի ստացել։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպության կողմից գերատեսչության պաշտոնական փաստաթղթի ոչ նպատակային շրջանառման հետագա դեպքերը բացառելու նպատակով»,-ասվում է ՏԿԵ նախարարության պատասխանում:
 
Հոդվածի հրապարակումից հետո «ՀՀ արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնը» պարզաբանում էր ուղակել լրատվամիջոցներին, որտեղ ասվում է, որ կազմակերպությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է արդյունաբերության, տեխնիկական անվտանգության, աշխատանքի անվտանգության, նորմերի պահպանման ոլորտում մասնագետների հրահանգավորմանը, համապատասխան ոլորտներին առնչվող փաստաթղթերի կազմմանն ու կոմունիկացիաների սպասարկմանը, ուստի ընկերությունն իր կանոնադրական նպատակներն իրականացնում է տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցմամբ՝ հանդես գալով որպես քաղաքացիաիրավական հարաբերություններում ծառայություն մատուցող կողմ՝ առաջարկելով իր ծառայությունը, նշելով իր առաջարկած ծառայությունների արժեքը:
 
 «Մեր Ընկերությունը ոչ թե լիազորված է որեւէ պետական կառույցի կողմից որեւէ գործառույթ իրականացնելու համար՝ ինչպես նշվել է լրատվական հոդվածում եւ տարածվել որոշ անձանց շրջանակներում (այդ թվում՝ անհայտ կազմակերպության անանուն աշխատակցի մոտ), այլ ընկերությունը օրինական կարգով եւ հիմունքներով իր ծառայությունն է առաջարկում գործատուներին, որպեսզի վերջիններս, ըստ իրենց ցանկության, օգտվելով մեր ծառայությունից՝ կարողանան ապահովել օրենքի պահանջները եւ զերծ մնալ լրացուցիչ պատասխանատվությունից»,-նշված էր պարզաբանման տեքստում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը