Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում. Կրեմլի խոսնակ


Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում. Կրեմլի խոսնակ

  • 24-11-2022 12:00:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում», չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, երեկ կազմակերպության երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Միջոցառումը [ՀԱՊԿ գագաթնաժողովը], չնայած ամբողջ բարդությանը, չնայած, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավելել է Կրեմլի խոսնակը:
 
Պեսկովը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։
 
"Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերն «ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:
 
Պեսկովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նա հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի շուրջ մեկնաբանել որպես ձախողում։
 
«Դա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այդպես դիտարկել իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է», - պնդել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play