«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցները գիտելիքը կծառայեցնեն ի նպաստ համայնքի


«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցները գիտելիքը կծառայեցնեն ի նպաստ համայնքի

  • 24-11-2022 14:31:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացը։
 
Այս տարի դասընթացին մասնակցել է 25 հոգի Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ, որոնց աշխատանքային գործունեությունը և պաշտոնից բխող աշխատանքային գործառույթները սերտորեն առնչվում են երիտասարդության ոլորտին։
 
Ամփոփիչ միջոցառմանը դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: 
 
Զ. Ասլանյանը շնորհավորել է մասնակիցներին դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ. «Շատ ուրախ եմ, որ պետական աջակցությամբ իրականացվող այս դասընթացը զինել է ձեզ նոր գիտելիքով ու հմտություններով և ծառայել է որպես միասնական խումբ ձևավորելու հարթակ, որտեղ քննարկում եք ձեր գաղափարներն ու հնարավոր համագործակցության հեռանկարները»: 
 
Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը հետաքրքրվել է՝ ի լրումն ծրագրի՝ ինչ նոր թեմաների կարիք ունեն երիտասարդները, որ կցանկանային ներառել դասընթացում: 
 
Երիտասարդները նախ շնորհակալություն են հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և վստահեցրել՝ ձեռք բերած փորձն ու գիտելիքը կծառայեցնեն իրենց համայնքների զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը: Նրանք մատնանշել են դրամաշնորհային մրցույթների մասնակցության, ֆոնդահայթայթման հմտությունների ձեռքբերման, սոցիոլոգիական և հոգեբանական ոլորտներին առնչվող դասընթացների, նեղ մասնագիտական թրեյնինգների անցկացման անհրաժեշտությունը: 
 
Նշենք, որ ծրագրով դասընթացներ են իրականացվել երիտասարդների սոցիալական հիմնախնդիրները, ղեկավարման հմտություններ, մասնագիտական կողմնորոշում, անձնային աճ, ծրագրերի մշակում, երիտասարդական միջազգային համագործակցություն, կոնֆլիկտների հաղթահարում, սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդների հետ աշխատանքի հմտություններ և այլ թեմաներով:
 
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի արդյունավետությունը չափելու նպատակով ամփոփիչ փուլում մասնակիցներին ներկայացվել է գործողությունների ծրագիր՝ «ի՞նչ ունեմ անելու ինձ համար, ի՞նչ ունեմ անելու համայնքի համար» հարցադրումներով: Պատասխանները կամփոփվեն և երիտասարդները հետադարձ կապով կիրազեկեն արդյունքների մասին:
 
Հանդիպման ավարտին Զարա Ասլանյանը երիտասարդներին կոչ է արել հնարավորինս ակտիվ լինել, հստակ և նպատակային առաջարկներով մասնակցություն ունենալ երիտասարդության մասին օրենքի մշակման աշխատանքներին: Վարչության պետը նաև առաջարկել է ներգրավվել 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում անցկացվելիք միջոցառումներում: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն