Ինչո՞ւ եղան Սև լիճը, Խծաբերդը, Ջերմուկը. ԱԺ նախագահը բավարար չի համարում ՀԱՊԿ-ի աջակցությունը, այդ թվում՝ քաղաքականը


Ինչո՞ւ եղան Սև լիճը, Խծաբերդը, Ջերմուկը. ԱԺ նախագահը բավարար չի համարում ՀԱՊԿ-ի աջակցությունը, այդ թվում՝ քաղաքականը

  • 24-11-2022 14:36:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ փաստ է, որ ՀԱՊԿ-ից ռազմական, այսօր նաև բավականին վատ քաղաքական մասով Հայաստանը բավարար աջակցություն չունի:
 
Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանն անդամակցել է կառույցին՝ թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, և երբ եկել է ժամանակը, որ կառույցը աջակցի ՀՀ-ին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գոնե քաղաքական գնահատական տալով, այդ գնահատականը բավարար չի եղել։
 
«Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել երեկ ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականը, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ։ Այն պարտադիր պետք է վերանայվի, դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
 
Խոսելով ՀՊԱԿ-ի և Հայաստանի միջև եղած հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության այլընտրանքի մասին՝ նա նշեց. «Զորք ունենալը և քաղաքացիական դիտորդները պետք չէ համեմատել։ Նման փորձ կա համեմատական և զուգահեռներ անցկացնելու, թե իբր Հայաստան են եկել եվրոպական զինվորականներ, բայց նման բան չկա։ Կան քաղաքացիական դիտորդներ, որոնք գրանցում ու արձանագրում են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը»։
 
Հարցին՝ դիտորդները կան, բայց, միևնույն է, Ադրբեջանը կրակում է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Նրանց ներկայությունը բավականին զսպող է։ Մենք ակնկալում ենք, որ նրանց ներկայությունը կերկարաձգվի։ Սեպտեմբերի 13-ից ականատես եղանք լայնածավալ ռազմական գործողության, այն զսպող գործոն են դիտորդները։ Այլ հարց է, որ միգուցե դրա համար են արվում կրակոցները, որ ասեն՝ եվրոպացի դիտորդները իրենց գործը չեն անում, և ռուս զինվորականների ներկայությունն է, որ պետք է»։
 
Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից թե՛ ռազմական, թե՛ քաղաքական մասով աջակցություն չկա: «Եթե ունենք, ապա ինչո՞ւ մինչև հիմա չունենք ռազմագերիներ, եթե ունենք, ապա ինչո՞ւ եղան Սև լիճը, Խծաբերդը, Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը։ Այս հարցերի պատասխանը, երբ խոսում ենք Հայաստանում ՌԴ զորքերի մասին, պետք է հասկանանք, եթե կան, ինչո՞ւ այդպես եղավ»,- նշեց նա:
 
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ կան ապացույցներ, որոնք ցույց ենք տալիս՝ հետսովետական տարածքում գտնվող զենքերը իրենց չեն արդարացնում․ «Ապացույցները բազմաթիվ են, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած գործողությունների։ Հայաստանն իր հետևությունները արել է և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»։
 
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի կազմալուծման մասին լուրերին՝ Սիմոնյանը նշեց՝ հավաստի աղբյուրներից է տեղյակ այդ լուրերի մասին։
 
Խոսելով նաև այն հրապարակումների մասին, ըստ որոնց՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարանին կներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ ԱԺ նախագահը նշեց՝ ենթադրում է այդ անունները ճիշտ են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը