Ինչու է Ադրբեջանն օգոստոսին իր վերահսկողությանը անցած Սարիբաբայում նոր միայն ականներ հայտնաբերում. Մարուքյանի դիտարկումը
25-11-2022 12:28:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանն օգոստոսին իր վերահսկողության տակ է վերցրել Սարիբաբան, սակայն միայն նոյեմբերին է նոր այնտեղ ականներ հայտնաբերում:
Վերջինս հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ և եզրահանգել. «Քանի որ սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հակահետևակային ականները տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանք ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու և օգտագործելու համար»:
Հիշեցնենք՝ Մարուքյանը երեկ նույն հարթակում գրել էր․ «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»: