Անչափահասները միգուցե հայտարարագիր չներկայացնեն, Կառավարությունը հստակ որոշում չունի. ֆինանսների փոխնախարար


Անչափահասները միգուցե հայտարարագիր չներկայացնեն, Կառավարությունը հստակ որոշում չունի. ֆինանսների փոխնախարար

  • 25-11-2022 15:14:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր ԱԺ-ում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները:
 
«Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-ասաց փոխնախարարը:
 
Նրա խոսքով՝ առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում:
 
Իսկ երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: 
 
«Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ: Կառավարությունը դեռ չունի հստակ որոշում այս մասով»,-նշեց Պողոսյանը:
 
Ըստ նախարարի՝ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play