ԶԱԷԿ–ում օգտագործված վառելիքին հասցված հարվածը կարող է «կեղտոտ ռումբի» էֆեկտ ունենալ


ԶԱԷԿ–ում օգտագործված վառելիքին հասցված հարվածը կարող է «կեղտոտ ռումբի» էֆեկտ ունենալ

  • 26-11-2022 12:59:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի փոխղեկավարն ընդգծել է, որ բեռնարկղը (առանց վառելիքի) հրետանային հարվածին դիմակայել չի կարող։
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում գտնվող օգտագործված վառելիքով բեռնարկղին հասցված հրետանային հարվածը կարող է «կեղտոտ ռումբի» էֆեկտ ունենալ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԳԱՏԷ–ի փոխղեկավար, միջուկային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը։
 
«Եթե տարածքում օգտագործված վառելիք կա, որը պահվում է բետոնե բեռնարկղերում, բավական է, որ հրետանային արկն ընկնի այնտեղ, և «կեղտոտ ռումբը» պատրաստ է։ Ռումբի տեսքով ռումբ փնտրելու կարիք էլ չի լինի», – ասել է Չուդակովը Սոչիում «Ատոմէքսպո» ֆորումի շրջանակում։
 
Նա ընդգծել է, որ բեռնարկղը (հերմետիկ պատյան, պասիվ անվտանգության համակարգ էներգետիկ միջուկային ռեակտորների համար), որը երեքմետրանոց բետոնե պատ է, հրետանային հարվածին դիմակայել չի կարող։
 
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
 
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
 
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը