Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել


Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել

  • 29-11-2022 13:47:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։
 
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
 
«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, որը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքը և խորհրդարան է անցել ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով՝ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։
 
Նշվում է, որ կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ազգային փոքրամասնությունների հանդեպ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մասն է։
 
««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նշվում է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը ոչ միայն երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է, այլև հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք:
 
Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:
 
««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։
 
Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է, և առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է։
 
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։
 
Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին՝ անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության ու պայքարի մեջ։
 
Վստահ ենք՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաև ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա»,-եզրափակվում է հայտարարությունը:
 
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ օրերս էր հայտնել պատգամավորի մանդատից հրաժարվելու իր որոշման մասին: Նա նշել էր, որ այս մասին պարզ ու անկեղծ քննարկում Է ունեցել գործընկերների հետ, դա իր անձնական որոշումն է:
 
Ընդդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ագնեսա Խամոյանն էլ հավաստիացրել էր, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատները դնելու որոշում չի կայացրել։ Սակայն, վերջինիս նկատառմամբ, կարող են լինել պատգամավորներ, որոնք, անձնական կամ այլ պատճառներից ելնելով, նման որոշում կայացնեն։
 
Խոսելով նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից որոշ անդամների դուրս գալու մասին՝ պատգամավորն ընդգծել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Հայաստան դաշինքի» մաս է կազմում, դաշինքից դուրս չի եկել, սակայն, թե այնտեղ ինչպիսի ներկուսակցական խմորումներ կան, էթիկորեն ճիշտ չէ, որի ինքը գնահատական տա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը