Մանդատը վայր դրած պատգամավորների` իշխանությանը տված գնահատականները չեն փոխվել. Մինասյան


Մանդատը վայր դրած պատգամավորների` իշխանությանը տված գնահատականները չեն փոխվել. Մինասյան

  • 30-11-2022 13:17:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը շարունակվելու է. քաղաքական նպատակադրումներում փոփոխություն չի եղել։
 
Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է այս իշխանությանը տված գնահատականները փոխել, ո՛չ ՀՅԴ–ն, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով խմբակցության 3 պատգամավորների` մանդատը վայր դնելու հարցին։
 
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ–ում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: Ավելի վաղ մանդատից հրաժարվել էր նաև Արամ Վարդևանյանը։
 
«Մեր պայքարի շարունակությունը պետք է լինի աշխատանք ժողովրդի, ազգային ինստիտուտների հետ։ Մեզ դեռ չի հաջողվել իրականացնել մեր առջև դրված հիմնական նպատակը, սակայն պետք չէ անտեսել մեր ունեցած միջանկյալ արդյունքները, օրինակ` այս իշխանությունն այս տարեսկզբին չկարողացավ իրականացնել իր թուրք-ադրբեջանական ծրագրերը»,–ասաց Մինասյանը։
 
Նրա խոսքով` Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, որ փաստաբանական գործունեությամբ կարող է ավելի շատ օգտակար դեր խաղալ։
 
Հարցին, թե բացառում է, որ իշխանության ճնշումների ներքո են 3 պատգամավորները մանդատները վայր դրել, Մինասյանը պատասխանեց, որ իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա ապօրինի գործողություններով, կեղծ լուրեր տարածելով։
 
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե այլ պատգամավորներ էլ են մանդատը վայր դնելու, ապա Մինասյանը նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան։ Ուստի պետք է պառակտում ասվածը տարանջատել անձնական որոշումներից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը