Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանին սանձելու համար


Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանին սանձելու համար

  • 03-12-2022 23:33:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակելու վերաբերյալ: Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել ագրեսորին սանձելու համար: Ստորև ներկայացնում ենք Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը:
 
«Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ:
 
Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
 
Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
 
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:
 
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին»:
 
Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:ՌԴ խաղաղապահներն ակտիվ բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ մայրուղին բացելու հարցով: Շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն