ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները


ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

  • 11-01-2023 21:17:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
 
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով:
 
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն