Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կիսված ընտանիքներում երկարատև բաժանումը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավոր
12-01-2023 15:53:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Էլյանորա Հովհաննիսյանն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում կիսված ընտանիքներում կան մանկահասակ երեխաներ, ովքեր, տարիքից ելնելով, իրականում չեն պատկերացնում այս դժվարությունները և դրանց օբյեկտիվ պատճառները: Շատերը նույնիսկ նեղացել են իրենց ծնողներից և դադարել են շփվել նրանց հետ: Սա բավականին լուրջ հոգեբանական խնդիր է և կարող է ծանր հետևանքներ ունենալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:
«Իհարկե, ստեղծված իրավիճակը դժվար հաղթահարելի է բոլորիս համար, բայց առավել դժվար է կիսված ընտանիքների համար, քանի որ կան մանկահասակ երեխաներ, որոնք իրականում չեն պատկերացնում այս դժվարությունները և դրանց օբյեկտիվ պատճառները»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց՝ եթե իրարից զատված ընտանիքները սկզբնական փուլում փորձում էին իրար հուսադրող կոչերով, խորհուրդներով հաղթահարել այս դժվարությունները, ապա այս երկարատև անորոշության մեջ դժվարանում են պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է հաղթահարեն այս իրավիճակը:
«Իհարկե, ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնք պարբերաբար այցելում են այդ ընտանիքներին, փորձում են հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն: Սոցիալական խնդիրները, իհարկե, լուծվում են պետության հովանու ներքո, բայց ես ուզում եմ ասել, որ հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար մենք պատասխանատու ենք բոլորս՝ որպես հանրություն: Իրականում շատ դժվար իրավիճակ է և այն երեխաների մոտ, որոնց հետ անձամբ եմ շփվում: Արդեն նկատում եմ հուսալքություն, հուսահատություն, որովհետև իսկապես չեն պատկերացնում, երբ կհանդիպեն իրենց ծնողների հետ»,- ասաց Էլյանորա Հովհաննիսյանը:
Նա հատուկ շեշտեց, որ կան նաև սպեցիֆիկ խնդիրներ, որոնք կարողանում են լուծել միայն այդ երեխաների ծնողները. «Սա շատ լուրջ խնդիր է, և ես նույնիսկ սարսափում եմ մտածել, թե հոգեբանական ի՞նչ ծանր հետևանքներ կունենա այս իրավիճակը»: