Սա ոչ թե պայքար է շրջափակման դեմ, այլ պայքար է մեր հողի վրա մեր օրենքներով և մեր արժեքներով ապրելու․ Ռուբեն Վարդանյան


Սա ոչ թե պայքար է շրջափակման դեմ, այլ պայքար է մեր հողի վրա մեր օրենքներով և մեր արժեքներով ապրելու․ Ռուբեն Վարդանյան

  • 12-01-2023 20:28:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում Արցախի ժողովրդի պայքարը ոչ միայն շրջափակման դեմ է, այլ նաև պայքար է՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար:
 
Այս մասին այսօր տեղի ունեցած «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ընթացքում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
 
Արցախը շրջափակման մեջ է արդեն 32 օր։ Սա նշանակում է, որ առկա է պարենային ապրանքների, ենթակառուցվածքների, բժշկության հետ կապված խնդիրներ:
 
Պետնախարարը նաև բարձրաձայնել է՝ մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել։
 
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նրանք պարզապես չեն ցանկանում իրականությունն ընդունել. «Ադրբեջանական կողմի հաշվարկներով 1 ամսվա ընթացքում միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում, ինչը նշանակում է ադրբեջանական կողմն իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա»:
 
Պետնախարարի խոսքով՝ միջանցքի փակման հետևանքով ամենուր խնդիրներ են, այդ թվում՝ անջատված ընտանիքներ և այլն:
 
«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է:
 
Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play