«Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից». Յաել Բրաուն-Պիվեն


«Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից». Յաել Բրաուն-Պիվեն

  • 13-01-2023 13:33:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջև երկխոսությունը, որպեսզի հասնենք խաղաղ և կայուն լուծման, Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
 
«Մենք շատ անհանգիստ ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետև այն շրջափակումը, որ շարունակվում է Լաչինի միջանցքում, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Վաղն իսկ հանդիպելու է ենք ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք աշխատում են այս շրջափակման զոհերի հետ նաև», - նշեց Յաել Բրաուն-Պիվեն:
 
Ֆրանսիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց՝ «ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»:
 
Նա նաև մտահոգություն հայտնեց պատմական և մշակութային ժառանգության համար, որը վտանգված է և կարող է ոչնչացվել՝ ընդգծելով. «Ֆրանսիան ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միասն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»:
 
Պատասխանելով հարցին, թե «Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար խաղաղ կարգավորման համար», Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց. -«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ըստ որի մենք այսօր չենք ճանաչել անկախությունը Լեռնային Ղարաբաղի, և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի, այլ պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների կողմից և մասնավորապես հակամարտության տարբեր կողմերի կողմից»:
 
Արցախն արդեն մեկ ամիս է շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել: Երեկ անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականը խափանումներով է գործում: Արդեն չորս օր է՝ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքների համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը