Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, ոչ թե՝ որպես կողմ. Ալեն Սիմոնյան


Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, ոչ թե՝ որպես կողմ. Ալեն Սիմոնյան

  • 13-01-2023 15:20:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կա առաջին եվրոպական դիտորդական խումբը, որը կարողացավ սահմանի երկայնքով տեղակայվել: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ևս մեկ անգամ դիմել Եվրոպային, որպեսզի ևս մեկ առաքելություն բերենք՝ տեղում տեղակայելու: Բնականաբար, այս քննարկումները շարունակվում են, սա այն դիրքորոշումն է, որ պաշտպանում է Ֆրանսիան, բայց անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամ պետության համաձայնությունը»:
 
Այս մասին այսօր Երևանում՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք և ընդհանրապես հնարավորություն տեսնում է, որ փոխարինի ռուս խաղաղապահներին Արցախում:
 
Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, վերջինս չգիտի՝ արդյոք հայկական իշխանության կողմից նման դիմում եղե՞լ է. «Օրինակ, երբ Ուկրաինան հանդես եկավ նման խնդրանքով, մենք այդ դիմումին պատասխանեցինք՝ ուղարկելով մի շարք փորձագետներ: Բայց չգիտեմ՝ Հայաստանը նման դիմումով կամ պահանջով դիմել է Ֆրանսիային կամ Եվրոպային, ուստի չեմ կարող պատասխանել հարցին»:
 
Դիտարկմանը, որ խոսքը ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Արցախում և Լաչինի միջանցքում փաստահավաք խումբ ուղարկելու մասին է, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դրա համար առնվազն պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը. «Դրա համար պարտադիր է բոլոր կողմերի համաձայնությունը: Ուզում եմ մի բան ֆիքսենք, որ Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ: Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Այս պարագայում Ֆրանսիայի Հանրապետությանը միայն կարող ենք շնորհակալ լինել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play