Դեռ ժամանակ կա, որ Արցախի պետնախարարը ցրի օդում շրջանառվող լուրերը. Արմինե Մարգարյանը՝ Ռուբեն Վարդանյանի քայլերի մասին
14-01-2023 18:48:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի համոզմամբ՝ վերջին օրերին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի արած գրեթե բոլոր հայտարարությունները վտանգավոր են:
Մասնավորապես այն պարագայում, երբ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատն ու արտասահմանյան երկրներում տեղակայված դեսպանություններն ու մշտական ներկայացուցչությունները, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, մարդու իրավունքներով մասնագիտացված ոչ կառավարական կազմակերպություններն ու անհատները փորձում են միջազգային հանրության համար լսելի դարձնել շրջափակման մեջ հայտնված ավելի քան 120 հազար արցախցիների ձայնը՝ մատնանշելով Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման փաստն ու դրա ցեղասպան նպատակները:
«Ռուբեն Վարդանյանը հրապարակավ խոսում է այն մասին, թե իբրև որոշ անձինք կարողացել են անձնական պայմանավորվածությունների արդյունքում տեղաշարժվել Լաչինի միջանցքով: Այս հայտարարությունը բառի բուն իմաստով կործանարար հետևանքներ կարող է ունենալ արցախահայերի համար, քանի որ նախ երկրորդում է ադրբեջանական կեղծ դիրքորոշումն առ այն, թե իբրև Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, երկրորդ՝ նվազագույնի է հասցնում Արցախի կյանքի ճանապարհի ապաշրջափակմանը միտված լոկալ և միջազգային շահագրգիռ կողմերի ջանքերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Մարգարյանը, անդրադառնալով նաև միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայմանը Արցախում, որը, իր բնորոշմամբ, օդ ու ջրի պես պետք է տարածաշրջանում, սակայն դրան խոչընդոտ կարող է հանդիսանալ ադրբեջանական կողմի բացասական դիրքորոշումը, ասում է. «Այն, ինչ չի կարող անել Հայաստանն Արցախի համար, կարող է անել Արցախը, բայց միայն երկու կողմերի դիրքորոշումների և գործողությունների համակարգման արդյունքում: Հայաստանը անվերապահորեն պետք է ապահովի Արցախի թիկունքը, ասել է թե շատ դեպքերում գործի ոչ տեսանելի, քանի որ արցախյան հիմնահարցի առումով հայաստանյան յուրաքանչյուր ուղղակի միջամտություն Ադրբեջանն օգտագործում է հարցն իրավունքների և անվտանգության տիրույթից տարածքային տիրույթ տեղափոխելու համար»:
Վերջինիս կարծիքով՝ Արցախն էլ իր հերթին պետք է ազնվորեն՝ առանց քաղաքական շարժառիթների բարձրաձայնի իր իրավունքների մասին, ինչը, ըստ նրա, ներառում է նաև ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ անաչառ գնահատական, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետն ամրագրել է՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
«Իսկ ի՞նչ է հայտարարում այս պարագայում Վարդանյանը, ասում է՝ արցախցիներն այս իրավիճակում անելու են ամեն ինչ, որպեսզի ռուս խաղաղապահները զգան՝ հայերն իրենց կողքին կանգնած են և հասկանում են նրանց դժվար վիճակը։ Սյուրռեալիստական հայտարարություն է: Պետք է, որ հակառակը լիներ: Այլ կերպ ասած՝ Արցախի պետնախարարն ազդակ է հղում միջազգային հանրությանն առ այն, որ ԼՂ-ն չի զգում միջազգային աջակցության կարիք և բավարարված է ռուս խաղաղապահների գործողություններով»,- նկատում է նա:
Մարգարյանի դիտարկմամբ՝ մինչ ադրբեջանական կողմի համաձայնության հարցը դիտարկելն անհրաժեշտ է, որ Արցախը ձևավորի հստակ ռազմաքաղաքական դիրքորոշում. «Արդյոք Արցախն ուզո՞ւմ է մնալ հայկական, արդյոք միջազգային խաղաղապահ առաքելության կամ միջազգային աջակցության կարիք ունի՞. «Միայն դրանից հետո կարելի է խոսել այն քայլերի մասին, որոնց գրագետ պլանավորումն ու կիրարկումը կարող է աշխատել արցախյան կողմի օգտին»:
Նրա համոզմամբ՝ քաղաքական բնույթի յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի կշռադատված, այն էլ՝ ծայրաստիճան վտանգավոր այս իրավիճակում:
«Անզգույշ, քաղաքական էթիկետից դուրս և էմոցիոնալ հայտարարությունները կարող են ոչ միայն խոչընդոտել արտաքին անվտանգային սպառնալիքների չեզոքացմանը, այլև հրահրել ներքին անվտանգային և բարոյահոգեբանական խնդիրներ»,- ընդգծում է վերջինս:
Հարցին՝ արդյոք Վարդանյանի երեկվա հայտարարություններով հաստատվո՞ւմ են օդում շրջանառվող այն լուրերը, որ նա, այսպես ասած, ռուսական պրոյեկտ է, Մարգարյանն ասում է՝ դեռ ժամանակ կա, որպեսզի Արցախի պետնախարարը ցրի օդում շրջանառվող այդ լուրերը: Զրուցակիցը նաև հավելում է՝ անկախ ամեն ինչից, քաղաքական գործունեություն իրականացնող անձն, այն էլ՝ նման բարձր պաշտոնում, պետք է մշտապես դրսևորի քաղաքական կոռեկտություն:
«Միևնույն ժամանակ, կուզենայի ընդգծել՝ Արցախն իր իրավունքները բարձրաձայնելիս կարող է և պետք է նաև թիրախավորի ՀՀ իշխանություններին, եթե դա արվում է ի շահ Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացմանը: Այս դեպքում արդեն մենք հակասություններ չենք կարող փնտրել հայկական կողմերի դիրքորոշումներում և արտահայտչամիջոցներում, եթե ի սկզբանե դրանք մշակված ու կորդինացված լինեն»,- կարևորում է նա:
Արձագանքելով նաև օրերս Ռուբեն Վարդանյանի կատարած գրառմանը, որտեղ նա շեշտել էր՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մամուլի ասուլիսներից հետո պետք է Արցախը ընտրի պայքարի ուղին, ասում է. «Որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական այր, կամ հանրային գործիչ մեկընդմիշտ պետք է սերտի, որ արցախյան հիմնահարցն այլևս հնարավոր չէ օգտագործել քաղաքական նկատառումներով: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և ապագայում նույնպես իշխանությունը Հայաստանում պետք է փոխվի ժողովրդավարական ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով»: