«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության, մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ. ՀՀ քննչական կոմիտե


«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության, մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ. ՀՀ քննչական կոմիտե

  • 16-01-2023 12:30:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Դեպքի առթիվ ահազանգը  ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:
 
Նույն  օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
 
 Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը  դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:
 
Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է: 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ  մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն