Հնդկաստանն սկսել է ռուսական AK-203 ինքնաձիգներ արտադրել


Հնդկաստանն սկսել է ռուսական AK-203 ինքնաձիգներ արտադրել

  • 17-01-2023 15:59:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկությունն սկսել է AK-203 ինքնաձիգներ արտադրել Հնդկաստանի զինված ուժերի համար, հաղորդում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
 
«AK-203 «Կալաշնիկով» ինքնաձիգների սերիական արտադրության մեկնարկից հետո Հնդկաստանի ուժային կառույցները կսկսեն ստանալ բարձրորակ, հարմար և ժամանակակից հրաձգային զենք: Մոդելը համատեղում է հիանալի էրգոնոմիկան, հարմարվողականությունն օգտագործողին և բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերը. սա աշխարհի լավագույն օրինակներից մեկն Է»,- հայտարարել Է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։
 
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին ու Հնդկաստանին կապում են հուսալի գործընկերային հարաբերությունները։ Չեմեզովը սպառազինության համատեղ ձեռնարկության կառուցումը համարել Է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարևոր արդյունքներից մեկը։
 
Նշվում է նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը նպատակ ունի աշխատել հնդկական կողմի առաջադրած ToT (transfer of technology՝ տեխնոլոգիայի փոխանցում) պայմանների հիման վրա։
 
«Համատեղ ձեռնարկության արտադրական ծրագրերը ներառում են Հնդկաստանում AK-203 ինքնաձիգների արտադրության 100-տոկոսանոց տեղայնացում: Բացի այդ, ապագայում համատեղ ձեռնարկությունը կարող է մեծացնել արտադրության ծավալը և իրականացնել արդիականացում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի հարթակում հեռանկարային մոդելների թողարկման համար», - նշել են գերատեսչությունում։
 
«Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքով՝ Ամեթիում (Ուտար Պրադեշի նահանգ) գտնվող Korwa Ordnance Factory ձեռնարկությունում թողարկել են 7,62-միլիմետրանոց AK-203-ների առաջին խմբաքանակը: Նրա խոսքով՝ շուտով կսկսվեն ինքնաձիգների մատակարարումները հնդկական բանակին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը