Ասկերան. շրջափակում. օր 36-րդ


Ասկերան. շրջափակում. օր 36-րդ

  • 17-01-2023 19:14:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվելու հետևանքով ինչպես Արցախի հարյուրավոր ընտանիքներ, Ասկերան քաղաքի 4 ընտանիք ևս կիսվել է։ Այդ ընտանիքների անդամները զրկված են տուն վերադառնալու հնարավորությունից։
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:
 
«Դպրոցի մեկ աշակերտ և ուսուցիչ մեկնել էին Երևան՝ ներկա գտնվելու «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին, նրանք Հանրապետության այլ շրջաններից և մայրաքաղաքից մեկնած երեխաների հետ հաստատվել են Գորիսում»,-հավելեց Հ.Շամիրյանը` ընդգծելով` թե ընտանիքներից հեռու գտնվող երեխաները, թե նրանց ծնողները տևական ժամանակ իրարից հեռու լինելու պատճառով և, տիրող իրավիճակով պայմանավորված, հոգեբանական ծանր վիճակում են։
 
Քաղաքապետն անդրադարձավ նաև շրջկենտրոնի առօրյային։ Ասկերանում գործող 15 առևտրային կետերը փորձում են ունեցած ապրանքատեսակներով քիչ թե շատ սպասարկել քաղաքացիներին:
 
«Կան խանութներ, որտեղ առաջին անհրաժեշտության ապրանքներ ընդհանրապես չկան: Սակայն պետք է նշեմ, որ կտրոններով ձեռքբերման համար նախատեսված սննդամթերքն արդեն ստացել ենք և սպասում ենք գործընթացի մեկնարկին։ Քաղաքում գործող միակ դեղատունն էլ այս օրերին եղած հնարավորությունների չափով շարունակում է սպասարկել բնակիչներին։ Դեղորայքն ու հիգիենայի պարագաները ժամանակ առ ժամանակ լինում են` շատ քիչ քանակությամբ։ Գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, դեղերը վաճառվում է նախկին գներով»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
 
Նրա խոսքով` կան համաքաղաքացիներ, ովքեր հատուկ խնամքի կարիք ունեն և հատուկ դեղորայք են ընդունում: Նրանց ցուցակագրել են, ներկայացրել ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և շրջանային բուժմիավորում, որպեսզի անհրաժեշտ դեղորայքը հատկացվի։ Այսօր ադրբեջանցիները հերթական անգամ արգելափակեցին Հայաստանից Արցախի բնակչությանը մատակարարվող բնական գազի խողովակի աշխատանքը։
 
Ըստ քաղաքապետի` գազամատակարարման հերթական խափանումը, այլ խնդիրներ առաջացնելուց բացի, կխոչընդոտի նաև ուսուցման պրոցեսին. սպասում են հրահանգի, թե ինչպես պետք է գազամատակարարմամբ ջեռուցվող կրթօջախներում կազմակերպել դասապրոցեսը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը